Թրամփը Զելենսկու հետ հեռախոսով քննարկել Է Ուկրաինայի հակամարտությունը
ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների կողմից պետության ղեկավարի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ մենք շատ հաճելի հեռախոսազրույց ունեցանք։ Նա շնորհավորեց ինձ Հանրապետական կուսակցության ազգային համագումարը շատ հաջող անցկացնելու և իմ թեկնածու առաջադրվելու կապակցությամբ», - գրել է նա։
Թրամփը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն զրույցի համար՝ ասելով, որ «որպես ձեր հաջորդ նախագահ «նա վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը և«խաղաղություն կբերի ամբողջ աշխարհում»: «Երկու կողմերն էլ կկարողանան միավորվել և համաձայնության գալ գործարքի շուրջ», - հայտարարել Է Թրամփը:
Զելենսկին, հավելել Է Թրամփը, նաև զրույցի ընթացքում դատապարտել է նախկին նախագահի դեմ մահափորձը։
Bloomberg-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ լավ հարաբերություններ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թրամփը հավելել է, որ իր նախագահության շրջանում երկրների միջև ռազմական գործողություններն անհնար էին: Թեկնածուն հավելել է, որ մտածել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմելու մասին՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագրի շրջանակներում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հուլիսի 17-ին նշել է, որ երբ Թրամփը ԱՄՆ նախագահ էր, Ռուսաստանի համար ոչ մի լավ բան չի արվել, բայց, այնուամենայնիվ, երկրների միջև գոյություն է ունեցել երկխոսություն, ինչը կարելի է դասել որպես դրական տարր:
Հունիսի 25-ին Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թրամփի երկու առանցքային խորհրդականները ներկայացրել են Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիր: Նախաձեռնության համաձայն՝ Կիևը կշարունակի ամերիկյան զենք ստանալ միայն խաղաղ բանակցությունների մեջ մտնելու դեպքում։ Ընդ որում, բանակցություններից Մոսկվայի հրաժարումն իր հերթին կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան աջակցության ուժեղացմանը։ Նշվում է, որ Թրամփը դրական է արձագանքել ծրագրին: Կիևում նախաձեռնությունը մերժել են։ Կրեմլում հայտարարել են, որ չեն կարող մեկնաբանել Ուկրաինայի հակամարտությունն ավարտելու Թրամփի խոստումը, քանի որ չգիտեն առաջարկի էությունը: