Ինչպես է սպանվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին. մանրամասներ
Reuters-ի հաղորդմամբ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից 48 ժամ առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են լայնածավալ ռազմական գործողություն սկսելու պատճառները։
Հետախուզական տվյալների համաձայն՝ և՛ Թրամփը, և՛ Նեթանյահուն տեղեկացել էին, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին պատրաստվում է Թեհրանում իր նստավայրում հանդիպում անցկացնել մերձավոր շրջապատի հետ։ Նման հանդիպումը հնարավորություն էր ստեղծում իրականացնելու այսպես կոչված «գլխատման հարված»՝ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ թիրախային հարձակում։ Իսրայելը նախկինում կիրառել է նման մեթոդ, մինչդեռ ԱՄՆ-ը դրան դիմում է հազվադեպ։
Սակայն հետագայում ստացված նոր տվյալները ցույց են տվել, որ նախատեսված հանդիպումը շաբաթ երեկոյից տեղափոխվել է նույն օրվա առավոտյան։ Այս հեռախոսազրույցի մասին մինչ այդ տեղեկություններ չէին հրապարակվել։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Նեթանյահուն Թրամփին ասել է, որ կարող է այլևս չլինել ավելի հարմար հնարավորություն՝ Խամենեիին չեզոքացնելու և նաև պատասխանելու Իրանի կողմից Թրամփի դեմ կազմակերպված սպանության փորձերին։ Նման փորձերից մեկը, ըստ հաղորդումների, տեղի է ունեցել 2024 թվականին, երբ Թրամփը նախագահի թեկնածու էր։
Զրույցի պահին Թրամփն արդեն սկզբունքորեն համաձայնել էր Իրանի դեմ ռազմական գործողության գաղափարին, սակայն դեռ չէր որոշել, թե երբ և ինչ պայմաններում պետք է ԱՄՆ-ը ներգրավվի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերը մի քանի շաբաթ շարունակ ավելացրել էին իրենց ներկայությունը տարածաշրջանում, և վարչակազմում շատերը համոզված էին, որ ռազմական գործողությունը միայն ժամանակի հարց է։ Նախապես պլանավորված հարձակման օրը, սակայն, մի քանի օրով հետաձգվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Reuters-ին չի հաջողվել պարզել՝ արդյոք Նեթանյահուի փաստարկները վճռորոշ ազդեցություն ունեցել են Թրամփի դիրքորոշման վրա։ Այնուամենայնիվ, այդ հեռախոսազրույցը համարվում է իսրայելական ղեկավարի վերջին և ամենաուժեղ փորձերից մեկը՝ ազդելու ԱՄՆ նախագահի որոշման վրա։
Վերջիվերջո, հենց այդ զանգը և հետախուզական տվյալները, որոնք ցույց էին տալիս, որ Իրանի առաջնորդին թիրախավորելու հնարավորությունը սահմանափակվում է, դարձել են կարևոր գործոններ, որից հետո Թրամփը փետրվարի 27-ին հրաման է տվել սկսել «Էպիկական բարկություն» գործողությունը։