Հասարակություն

Միայն Երևանում Սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին

Marine 1 րոպե 1,564 դիտում
Միայն Երևանում Սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին

2025 թվականի սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կմեկնարկեն ժամը 08:15-ին։ Այս մասին երեկ հայտնել էր Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։


«Նախաձեռնության նպատակներից է այն, որ երեխաները խցանումների պատճառով դասերից չուշանան, ինչպես նաև երթևեկությունը որոշակիորեն թեթևանա առավոտյան ժամերին»,- նշել էր Կոստանյանը։


ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ խոսքը բացառապես վերաբերում է Երևանի դպրոցներին:


«Ուշադիր քաղաքացիները կնկատեն, որ հաղորդագրությունն առաջինը տարածել է Երևանի քաղաքապետարանը»,- ասաց նախարարը:


«Չեմ կարծում՝ սա որևէ մեծ ու էական փոփոխություն է կրթական գործընթացի համար, բայց կարող է մեծ փոփոխություն բերել տրանսպորտային հոսքերի՝ ավելի արդյունավետ կառավարման համար և թույլ կտա խցանումների մեջ չընկնել դպրոց գնացող մեր երեխաներին»,- հավելեց նա, ևս մեկ անգամ շեշտելով, որ երկուշաբթի օրվանից Երևանի դպրոցներում առաջին հերթի դասերը կսկսվեն ժամը 8։15:


Ժաննա Անդրեասյանն ասաց, որ մարզերի դպրոցները մինչև այս էլ աշխատում էին այլ ռեժիմով, քան Երևանի դպրոցները․ «Եթե Երևանի դպրոցների դասերը ժամը 08։30 էին սկսվում, մարզերում աշխատում են՝ սկսած ժամը 09։00-ից։ Եվ դա բոլորովին պատահական չէ, քանի որ դեռևս տարիներ առաջ Երևանում տարբեր կրթական մակարդակի հաստատությունների համար տարբեր սկիզբ է սահմանվել՝ նպատակ ունենալով կառավարել տրանսպորտային հոսքերը։ Բուհերում դասերը հիմնականում 09։30 են սկսվում, որ նաև մարդիկ միաժամանակ տնից դուրս չգան և ունենան հնարավորություն ավելի հարմարավետ պայմաններում հասնել իրենց ուսումնական հաստատություն և աշխատավայր։ Բուհերն ավելի ուշ են սկսում կրթական գործընթացը, քանի որ բուհերում ունենք մարզերից երթևեկող ուսանողներ, որ լրացուցիչ անհարմարություններ չառաջացնենք այդ ուսանողների համար»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250