Հայտնի է՝ Իսրայելի և ԱՄՆ-ի «թիրախների ցուցակում» ընդգրկված Իրանցի պաշտոնյաների անունները
Իրանը պաշտոնական նամակ է ուղարկել ՄԱԿ՝ արձագանքելով տեղեկություններին, ըստ որոնց երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ներառվել են «թիրախների ցուցակում»։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի ստորագրությամբ նամակում անդրադարձ է կատարվում լրատվամիջոցների հրապարակումներին, որոնց համաձայն նշված պաշտոնյաները ժամանակավորապես հանվել են Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր թիրախների ցանկից՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին։
Փաստաթղթում նշվում է, որ նման տեղեկությունները վկայում են Իրանի բարձրաստիճան քաղաքական ղեկավարների դեմ հնարավոր գործողությունների ծրագրի գոյության մասին։ Միաժամանակ ընդգծվում է, որ ենթադրյալ «կասեցումը» պայմանական բնույթ ունի, ինչը նշանակում է՝ սպառնալիքը շարունակում է մնալ։
Իրանը նման գործողությունների հնարավորությունը բնութագրել է որպես «պետական ահաբեկչություն»՝ շեշտելով, որ իրավիճակը պահանջում է միջազգային ուշադրություն։