Թրամփի ստորագրությունը կհայտնվի դոլարների վրա
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ապագա ամերիկյան թղթադրամների վրա ֆինանսների նախարարի ստորագրությանը զուգահեռ կհայտնվի նաև նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը։ Գերատեսչության տվյալներով՝ սա առաջին դեպքն է երկրի պատմության մեջ, երբ գործող նախագահի ստորագրությունը ներառվում է ԱՄՆ թղթադրամների վրա։
Հայտարարությունը հրապարակվել է մարտի 26-ին՝ ԱՄՆ անկախության 250-ամյակի նախաշեմին։ Նախարարության ձևակերպմամբ՝ նոր թղթադրամների թողարկումը կապվում է այդ տարեդարձի հետ։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ այս քայլը ներկայացվում է որպես երկրի պատմական ձեռքբերումների և Թրամփի պաշտոնավարման շրջանի խորհրդանշական ընդգծում։
Նույն թեմայով մեկնաբանել է նաև ԱՄՆ գանձապետ Բրենդոն Բիչը։ Նա հայտարարել է, որ Թրամփի ստորագրությունը ամերիկյան արժույթի վրա տեղադրելը ոչ միայն տեղին է, այլև արժանի քայլ։