Էրդողանն Իսրայելին մեղադրող հայտարարություն է արել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի շուրջ ստեղծված հակամարտության հիմնական պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Նա այդ մասին խոսել է երկրի խորհրդարանում՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նիստի ընթացքում։
Էրդողանի խոսքով՝ Իսրայելի կառավարությունն է պատասխանատու այն ռազմական գործողությունների համար, որոնք լարվածություն են ստեղծել տարածաշրջանում և տնտեսական բեռ են դարձել ողջ աշխարհի համար։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը ապօրինի պատերազմ է, որը խորացնում է ճգնաժամը։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ այս հակամարտության ընթացքում թափվող յուրաքանչյուր արյան կաթիլ, իր կարծիքով, նպաստում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական դիրքերի պահպանմանը։
Միևնույն ժամանակ Էրդողանը ընդգծել է, որ Անկարան կողմ է Իրանի շուրջ ճգնաժամի արագ և խաղաղ կարգավորմանը։ Նա հայտնել է, որ Թուրքիան նպատակ ունի հեռու մնալ հակամարտությունից և շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ։