Դավիթ Մինասյանին կալանավորեցին 2 ամսով
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ 2 ամսով կալանք է կիրառվել։
Փաստաբանը հայտարարեց, որ իրենց հույսերը չարդարացան, և 12-րդ դասարանի աշակերտի նկատմամբ կալանք կիրառելու որոշում է կայացվել։ Նրա խոսքով՝ որոշումը կլինի մինչև մեկ ժամը, սակայն հիմնավորումներին դեռ ծանոթ չեն, միայն գիտեն, որ մեղադրանքը ներկայացվել է երկու հոդվածներով։
Նա նաև նշել է, որ Դավիթը մարտական, հանգիստ ու տղամարդավարի պահվածք է դրսևորել և հույս հայտնեց, որ այդպես կշարունակի ամբողջ ընթացքում, իսկ արդարությունը կհաղթի։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել։ Փաշինյանի թիկնապահները նախ երիտասարդին քաշելով ճանապարհ էին բացել, իսկ երբ նա ասել էր, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ, վեճ էր ծագել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման էին ենթարկել երիտասարդներին։ Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 452-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը։ Ձերբակալվածներն են եղել Դավիթ և Միքայել Մինասյանները, որոնք սովորում են դպրոցում, ինչպես նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։