Իրանը չի զբաղվի ուրանի հարստացմամբ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է սերտ համագործակցություն հաստատել Իրանի հետ և արդեն ընթացքի մեջ են բանակցություններ սակագների ու պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական հարթակում։
Թրամփի խոսքով՝ կողմերը քննարկում են մի շարք պայմանավորվածություններ, որոնցից մի քանիսն արդեն համաձայնեցված են։ Նա նաև նշել է, որ Իրանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ըստ ԱՄՆ գնահատականի, եղել են արդյունավետ։
Նախագահը ընդգծել է, որ Իրանը չի զբաղվի ուրանի հարստացմամբ, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել՝ «միջուկային նյութերի» վերացման ուղղությամբ, որոնք, ըստ նրա, գտնվում են երկրի տարածքի խորքերում։ Նա նաև հիշատակել է, որ տվյալ տարածքը մշտապես վերահսկվել է արբանյակային դիտարկումների միջոցով։
Թրամփը հավելել է, որ ռազմական գործողություններից հետո իրավիճակում փոփոխություններ չեն արձանագրվել, և երկխոսությունը շարունակվում է՝ տնտեսական սահմանափակումների թուլացման նպատակով։