Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարարներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ուժերը «պատերազմի եռագլուխ կուսակցություն են»:
«Այս իշխանությունը երեք պատերազմ է բերել, ինչպե՞ս կարող է ուրիշին ինչ-որ բանի մեջ քննադատել։ Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ, խաղաղության պայմանագրի տեքստի հետ, միակ տարբերությունն այն է, որ նոր երաշխիք ենք ուզում։ Մեզ թուղթ պետք չէ Իլհամի հետ, մեզ պետք է թուղթ, որի տակ բացի մեզնից ու Ադրբեջանից կան այլ ստորագրություններ, որտեղ մենք հնարավորություն կունենանք մեր տարածքային ամբողջականությունը պահել։
Դա է իրական խաղաղությունը։ Պետք է ուժեղ դիվանագիտություն, դռները փակ խաղաղություն ունենանք, խաղաղություն, որ Սյունիքի դռները, ինչպես իրենք են ասում, չբացենք»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ԹՐԻՓՓ-ի ձևաչափով ԱՄՆ-ն որպես վկա է, ոչ թե երաշխավոր: