Քաղաքականություն

Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»

Ani S.
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կամ Instagram-ի էջերում բովանդակություն տարածելու համար։ Գրում է «Հետք»-ը` ներկայացնելով վերլուծությունը:

«Գովազդի համար ամենաշատը գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանն» վճարել։ Այս տարվա առաջին երեք ամիսներին նորաստեղծ քաղաքական ուժը ֆեյսբուքյան ու ինստագրամյան 121 գովազդների համար 95.6 հազար ԱՄՆ դոլար է ծախսել։ Մինչև փետրվարի 12-ը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, գովազդները վճարվել են «Մեր ձևով» շարժման անունից, դրանից հետո՝ «Ուժեղ Հայաստանի»։ Բացի կուսակցության էջից, գովազդներ տարածվել են նաև Սամվել Կարապետյանի անձնական էջով, 6 գովազդի համար վճարվել է ավելի քան 10 հազար դոլար։ 3 գովազդ էլ տարածվել է «Ուժեղ Հայաստանի» երիտասարդական կառույցի էջով, ինչի համար 5348 դոլար է ծախսվել։ Ստացվում է՝ Կարապետյանի ու նրա գլխավորած ուժի էջերով տարածված 130 գովազդն արժեցել է շուրջ 111.3 հազար դոլար:
 

Վճարած գումարի չափով երկրորդը «Ապրելու երկիր» կուսակցությունն է՝ 11.6 հազար դոլար 2026-ի առաջին եռամսյակում։ Տարեսկզբից կուսակցության էջով տարածվել է 189 գովազդ, ևս 413-ը՝ համահիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանի (220 գովազդի համար 4199 դոլար) ու Մանե Թանդիլյանի (193 գովազդի համար 3934 դոլար) էջերով։


Ցուցակում հաջորդը Մարդու իրավունքների նախկին պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունն է։ Վերջին 90 օրում քաղաքական այս ուժի պաշտոնական էջով 47 գովազդային հրապարակում տարածելու համար ավելի քան 10 հազար դոլար է ծախսվել։

2026-ի առաջին երեք ամիսներին ամենաշատը՝ 587 գովազդ իր էջում տեղադրել է «Հայաքվե» քաղաքացիական միավորումը։ Այս հրապարակումների տարածումն արժեցել է 4280 դոլար։ 

Վերջին ամիսներին Facebook-ում ու Instagram-ում գովազդներ է տեղադրել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա անձնական էջերով տարածվել է 20 գովազդային հրապարակում, ծախսվել է 3646 դոլար։

25 գովազդ էլ տարածել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ վճարելով 2527 դոլար։ Բացի կուսակցության պաշտոնական էջից, իշխող ուժը ևս 400 դոլար վճարել է ՔՊ երիտասարդական կառույցի էջում տարածված երկու գովազդի համար։ Կուսակցության կողմից ֆինանսավորվող civic.am լրատվամիջոցի էջում (C News) էլ են գովազդային հրապարակումներ տարածվել։ 9 գովազդի համար այս եռամսյակում 1266 դոլար է վճարվել։
Հատկանշական է, որ վերջին ամիսներին լրատվամիջոցը գովազդել է ընդդիմությանը (հատկապես՝ Սամվել Կարապետյանին ու աջակիցներին) թիրախավորող հրապարակումներ»,-գրել է «Հետք»-ը։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250