Հասարակություն

«Մրցակցային անբարենպաստ մթնոլորտ. Հանրայինը կրկին վճարովի գովա՞զդ կցուցադի». Կարեն Քոչարյան

WRed 331 դիտում
«Մրցակցային անբարենպաստ մթնոլորտ. Հանրայինը կրկին վճարովի գովա՞զդ կցուցադի». Կարեն Քոչարյան

Եթե Հանրային հեռուստաընկերությանը կրկին հնարավորություն տրվի վճարովի գովազդ ցուցադրելու, և միաժամանակ այն պետական բյուջեից ստանա ֆինանսավորում, մրցակցային անբարենպաստ մթնոլորտ կստեղծվի մյուս՝ մասնավոր հեռուստաընկերությունների համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության՝ օրերս շրջանառության մեջ դրված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով, ի թիվս այլոց,  նախատեսվում է հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը՝ վճարովի գովազդ ցուցադրել: 

«Երբ տարիներ առաջ հանեցին Հանրային հեռուստաընկերության՝ վճարովի գովազդ ցուցադրելու հնարավորությունը, ավելացավ բյուջեից ֆինանսավորումը՝ դառնալով շուրջ 6 միլիարդ դրամ: Այժմ, երբ ցանկանում են գովազդ ցուցադրելու հնարավորությունը վերադարձնել, ֆինանսավորումը նվազեցնո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե ֆինանսավորումը չի հանվել, գովազդը վերադարձնելու իմաստ պարզապես չկա»,-ասաց Քոչարյանը: 

Նա նշեց, որ երբ տարիներ առաջ Հանրայինից հանվում էր գովազդը, հիմնավորումներից մեկը ներկայացնում էին այն, թե Հանրային հեռուստաընկերությունը ստիպված է լինում «ընկնել» գովազդատուների հետևից, որպեսզի կարողանա իր ծախսերը հոգալ, իսկ Հանրայինը նման խնդիրներ չպետք է ունենա: 


Քոչարյանի խոսքով՝ մրցակցային խնդիրներ չէին առաջանա, եթե բյուջեից Հանրայինի ֆինանսավորումը կրճատվեր. այդ դեպքում յուրաքանչյուր հեռուստաընկերության խնդիրը կլիներ որակյալ ու ռեյտինգային հեռուստահաղորդում ստեղծելը, որպեսզի այն գրավեր գովազդատուին: 

«Գովազդի արդյունավետությունը կախված է տվյալ պահին այս կամ այն հեռուստաընկերության վարկանիշային հաղորդումներից. եթե այդ պահին Հանրային հեռուստաընկերությունը վարկանիշային հաղորդումներ իրականացնի, այնտեղ գովազդ տեղադրելը, բնականաբար, կլինի արդյունավետ: Բայց եթե Հանրայինին բյուջեից շարունակվի տրամադրվել նույնքան ֆինանսավորում, որքան տրամադրվում էր գովազդ չցուցադրելու պարագայում, և դրա հետ մեկտեղ կարողանա նաև գովազդներ ցուցադրել, այդ դեպքում Հանրայինը կունենա հնարավորություն ի սկզբանե մեծ բյուջեով պատրաստել ռեյտինգային հաղորդումներ, և հավելյալ գումար էլ ստանալ գովազդից»,-ամփոփեց Կարեն Քոչարյանը: 

Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել նաև մի շարք լրագրողական կազմակերպություններ, որոնց կարծիքով՝ այս նախաձեռնությունը ոչնչով չարդարացված քայլ է: 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250