Հասարակություն

ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներից

WRed
ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներից

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվականից: Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։

Այսպես, հանցավոր խմբավորումների մեջ ներգրավված և դերակատարություն ունեցող անձինք, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր: Այնուհետև, նրանց անվամբ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրում տարբեր տեսակի ապրանքներ, չներկայացնելով հարկային հայտարարագրերը, խուսափում են հարկերի վճարումից: Մեկ այլ դեպքում էլ ներկայացնում են փաստաթղթեր՝ կրկին չկատարելով հարկային պարտավորությունները: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են մի շարք նմանատիպ քրեական գործեր, որոնց նախաքննությունը շարունակվում է ՊԵԿ քննչական վարչությունում։ Ընդ որում, օպերատիվ տվյալների վերլուծությունը վկայում է, որ նշված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունները կազմակերպվում են մի քանի հանցավոր խմբավորումների կողմից և գործում են նույն «ձեռագրով»։

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն ամենօրյա անզիջում պայքար է մղում նշված հանցավոր մեխանիզմների բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ և հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց և որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց: Կոմիտեն միաժամանակ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250