Ռուսաստանը ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ բանակցություններ չի վարում. Զախարովա
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղին Ղազախստանին կառավարման փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում։ Այդ մասին ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով թեմայի վերաբերյալ բարձրացված հարցին։
Զախարովան հիշեցրել է, որ մարտի 30-ին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել էր, որ նման քննարկումներ չեն ընթանում ո՛չ Աստանայի, ո՛չ Երևանի հետ։ Նա նշել է, որ պետք է հաշվի առնել ոլորտային գերատեսչության ղեկավարի այդ հայտարարությունը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրը նախատեսված է 30 տարվա համար՝ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նրա խոսքով՝ ընկերությունը երկար տարիներ կատարում է պայմանագրային պարտավորությունները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում գերազանցել են 30 միլիարդ ռուբլին։
Բարձր մակարդակի հնարավոր բանակցությունների վերաբերյալ Զախարովան նշել է, որ նման հարցերը սովորաբար մեկնաբանում է ՌԴ նախագահի վարչակազմը։