Հասարակություն Կարևոր

Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել

Mariam Z. 142 դիտում
Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

 

Բանաձևում ընդգծվում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120 000 բնակիչների՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը։

 

«Հղում է արվում 2020թ․ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային միությանն անդամակցությանը և կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը»,-ասվում է հաղորդագրությունում։

 

Նշվում է, որ քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը։

 

Դրա նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը։

 

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքային խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերին միաձայն ընդունել էր բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Բանաձևով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250