Քաղաքականություն

Դինքի ընտանիքը 1.5 մլն լիրա փոխհատուցում կստանա

Unknown 124 դիտում
Դինքի ընտանիքը 1.5 մլն լիրա փոխհատուցում կստանա

«Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքը 1.5 մլն լիրա փոխհատուցում կստանա։ Տեղեկությունը հայտնում է Ermenihaber.am–ը։

Տեղեկացվում է, որ Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դատարան) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դատարանի որոշումը։

Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում։

Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի6-րդ վարչական դատարան։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործում։

Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վնասի համար։ Դատարանը միաձայն բավարարել էր հայցը, սակայն ՆԳՆ-ն բողոքարկել էր դատարանի վճիռը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից Ստամբուլի իր խմբագրատան շեմին։ Սամաստը ձերբակալվել է ոստիկանության կողմից հանցագործության հաջորդ օրը և 2011 թվականին դատարանի կողմից դատապարտվել 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման:

Դինքի սպանությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Նրա հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց ցույցի, որին մասնակցել են մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250