Երևանում՝ շինարարական հրապարակների համար նոր պարտադիր պայմաններ կգործեն
Երևանի ավագանու որոշմամբ՝ սահմանվել են լրացուցիչ պայմաններ Երևանում իրականացվող շինարարությունների համար։
«4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում շինարարական հրապարակների կազմակերպման և հատկապես հողային աշխատանքների ընթացքում կառուցապատողը պարտավոր է յուրաքանչյուր 500 քմ ստորգետնյա կառուցապատման մեկ հարկի հաշվով տեղադրել ջրցան թնդանոթներ և/կամ այլ ջրցան սարքավորումներ՝ ապահովելով առնվազն 40 մետր ցողման միջակայք։
Ջրցան սարքավորումների կիրառմամբ շինարարական հրապարակում պետք է ապահովվի հողագրունտի մինչև 1 սմ խորությամբ շերտում նվազագույնը 8% հարաբերական խոնավություն։
Ավազը, ցեմենտը, գաջը, խիճը և այլ սորուն նյութերը պետք է պահեստավորվեն փակ տարաներով կամ փաթեթավորմամբ, իսկ դրանց տեղափոխումը պետք է իրականացվի փոշուց պաշտպանված՝ փակ կամ ծածկված տրանսպորտային միջոցներով։
Որոշումն ուժի մեջ է մտել 2026թ. մարտի 2-ից։
Կառուցապատողների կողմից սահմանված պահանջների խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: