Էրդողանը՝ Թուրքիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում արտահերթ կամ միջանկյալ ընտրություններ անցկացնելու ծրագրեր ներկայումս չկան։ Այս մասին փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ ոչ կառավարության քաղաքական օրակարգում, ոչ էլ հասարակության սպասումներում նման ընտրությունների անցկացում նախատեսված չէ։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, շարունակում է պնդել արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը։ Կուսակցության ղեկավար Օզգյուր Օզելը նախկինում հայտարարել է լայնածավալ քարոզարշավ սկսելու մտադրության մասին։
Հավելենք՝ Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2028 թվականին։ Սակայն որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ դրանք կարող են կազմակերպվել ավելի վաղ՝ 2027 թվականի վերջում։