Չինաստանի դերը` հրադադարի ձեռքբերման գործընթացում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը դեր է ունեցել Վաշինգտոնի և Թեհրանի միջև երկշաբաթյա հրադադարի համաձայնության ձեռքբերման գործընթացում։ Այդ մասին տեղեկացնում է Ֆրանս Պրես գործակալությունը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պեկինը նպաստել է նրան, որ Իրանը համաձայնի անցնել բանակցությունների և ընդունի ժամանակավոր դադարեցման պայմանները։ Ավելի վաղ Associated Press-ը ևս նշել էր, որ չինացի միջնորդները ներգրավված են եղել կողմերի միջև պայմանավորվածությունների ձևավորման գործում։
Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել հարվածները Իրանի ուղղությամբ։ Նախատեսվում է, որ հրադադարի ռեժիմը կլինի փոխադարձ և կգործի սահմանված ժամանակահատվածում։
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, իր հերթին, հաստատել է բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը։ Կողմերի հանդիպումը նախատեսված է ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում։ Իրանական կողմը նաև հայտարարել է, որ բանակցային գործընթացը նախատեսվում է ավարտել երկշաբաթյա ժամկետում, որի ընթացքում կպահպանվի հրադադարը։