Գագիկ Խաչատրյանի ԱՄՆ-ում գտնվող առանձնատան վաճառքի գումարը կվերադարձվի Հայաստանին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը արդյունավետ է գնահատել ՀՀ դատախազության հետ փոխգործակցությունը և ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քրեական վարույթների շրջանակում իրավական օգնությանը, հանձնումներին և այլն:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձ է կատարվել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հաստատված՝ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու ընթացքին և ժամկետներին: