Թրամփը սպառնում է «պատժել» այն երկրներին․ Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ընթացքում դժգոհություն է հայտնել եվրոպական երկրների դիրքորոշումից։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով փակ բանակցություններին ծանոթ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփը դժգոհել է այն հանգամանքից, որ մի շարք եվրոպական պետություններ հրաժարվում են տրամադրել իրենց տարածքում գտնվող ռազմական բազաները ԱՄՆ-ին։ Նա նաև, ըստ աղբյուրների, սպառնացել է «պատժել» այն երկրներին, որոնք, իր գնահատմամբ, բավարար աջակցություն չեն ցուցաբերում Իրանի դեմ գործողություններին, սակայն կոնկրետ քայլեր չի ներկայացրել։
Վերջին շաբաթներին ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է եվրոպական մայրաքաղաքներին՝ նշելով, որ որոշ երկրներ արգելափակում են իրենց օդային տարածքի օգտագործումը կամ սահմանափակում են ռազմական համագործակցությունը։ Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ «չեն աջակցել անհրաժեշտ պահին»։
Թրամփը հատկապես քննադատել է եվրոպական դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Իրանի դեմ գործողություններին չմասնակցելու համար։ ԵՄ բոլոր երկրները հրաժարվել են ռազմական ներգրավվածությունից։ Նախագահը նրանց հասցեին կոշտ արտահայտություններ է օգտագործել և քննադատել է նաև ՆԱՏՕ-ն՝ այն բնութագրելով որպես «թղթե վագր»։
Հավելենք՝ Թրամփը չի բացառել նաև ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորությունը դաշինքից։