Հասարակություն

Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ

Ani S.
Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից. Գարեգին Բ

Ապրիլի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին հայրապետական իր պատգամն է հղել, որում մասնավորապես ասված է եղել.

«Առաքելական ժամանակներից ի վեր մեր Սուրբ Եկեղեցին լուսավոր փարոս է մեր ժողովրդի կյանքում՝ իր զավակներին հաստատելով հավատի և հույսի մեջ և առաջնորդելով դեպի Աստված, դեպի բարին ու ճշմարիտը։ Հայոց Եկեղեցին մեր ժողովրդի հոգևոր տունն է, որտեղ յուրաքանչյուր հայորդի գտնում է սեր, խնամք ու հոգատարություն և զորանում երկնառաք շնորհներով ու օրհնություններով։ 

Ով ցանկանում է ճանաչել հայ ժողովրդի հոգին, հայացքը պիտի ուղղի Հայոց Եկեղեցուն։ Մեր Եկեղեցին ուժ է տվել իր զավակների ապրելու և արարելու ձգտումներին և խաղաղության ու արդարության իղձերին։ Մեր Եկեղեցին զորություն է պարգևել ազգ ու հայրենիք սիրելու և հավատարիմ իր առաքելությանը՝ պահպանել ու հարստացրել է մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հետամուտ եղել նոր սերնդի հայեցի դաստիարակությանը։ Տերունավանդ քրիստոնեական արժեքներով մեր Եկեղեցին աշխարհասփյուռ հայության համար դարձել է միասնության հիմնասյուն՝ առաջնորդելով իր հոտը թե՛ խաղաղ օրերին և թե՛ փորձությունների ժամանակ։ 

Իր այս առաքելության ճանապարհին Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առջև հաճախ հարուցվել են տարատեսակ խոչընդոտներ ու դժվարություններ։ Այսօր էլ ունենք անցանկալի մի իրավիճակ, երբ հայրենի մեր երկրում Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ։ Օրերս նաև հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք, երբ իշխող քաղաքական ուժը իր նախընտրական ծրագրում ներառեց Հայ Եկեղեցուն վերաբերող մերժելի դրույթներ։ Այս ամենը, ինչպես քաջատեղյակ եք, ուղեկցվում է շինծու մեղադրանքներով, անհանդուրժողականության հրահրմամբ, բացահայտ սպառնալիքներով։ 

Պատմությունը, սակայն, վկայում է, որ առ Աստված ապավինությամբ մեր Եկեղեցին միշտ հաղթահարել է բոլոր փորձությունները։ Այսօր էլ Հայ Եկեղեցին  մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակներ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250