Հասարակություն

Ընդդիմադիր ուժերը չեն կարողանում հուշագիր ստորագրել. գործընթացը կասեցվել է․ «Ժողովուրդ»

WRed
Ընդդիմադիր ուժերը չեն կարողանում հուշագիր ստորագրել. գործընթացը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ընդդիմադիր դաշտում խոստացված կոնսոլիդացիան այդպես էլ չի կայանում: Միասնական ճակատով հեղափոխական իշխանության դեմ պայքարի չեն գնա ԲՀԿ-ն, ՀՅԴ, «Մեկ Հայաստան», «Հայրենիք» եւ «Ազգային օրակարգ» կուսակցությունները: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտարարվեց, թե շուտով հուշագիր կստորագրվի ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու եւ միասնական պայքարի համար:

Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս ուժերի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են նախորդ շաբաթվա վերջին ու չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն պնդել է, թե անհրաժեշտ է, որ հնարավորինս շատ ուժեր միանան իրենց ճակատին, որպեսզի ազդեցիկ միավորում լինի, ու դա լինի Գագիկ Ծառուկյանի շուրջ: Մյուս կուսակցությունները, որոնց մեծ մասը մարդ-կուսակցություններ են, չեն համաձայնել` ասելով, թե պետք չէ «մանր-մունր» կուսակցություններին ներգրավել այդ գործընթացին: Ու այդպես հուշագիր ստորագրելու գրծընթացը կասեցվել է կամ չեղարկվել ընդհանրապես:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերը նշված ուժերն այնուամենայնիվ մի հարցի շուրջ համաձայնության եկել են, այն է` հին դեմքերը, Հանրապետական կուսակցության որեւէ ներկայացուցիչ չպետք է երեւա ընդդիմության գործողություններում եւ չպետք է խառնվի նոր ընդդիմության գործերին, այսինքն՝ այս ուժերը կարողացել են դեռեւս համաձայնության հասնել միայն այս հարցում:

Այնուամենայնիվ, կոնկրետ ի՞նչն է խանգարում միավորմանը. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ քննարկումները շարունակվում են: «Մեր քննարկումները քաղաքական ուժերի հետ այսօր էլ ընթացքի մեջ են, եւ որեւէ բան չպետք է արվի ինքնանպատակ, պահի ազդեցության տակ: Ոչ մի բան հնարավոր չէ մեկ ժամում նախանշել», – նշեց Տոնոյանը:

Իսկ, ահա, «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ընդդիմադիր խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Հանդիպումներ եղել են ինչպես հունիսի 20-ին, այնպես էլ դրանից առաջ։ Ընթանում է բնականոն աշխատանքային գործընթաց, եւ քննարկումների ավարտին մեր ժողովրդին կներկայացնենք համագործակցության ձեւաչափի եւ առաջիկա ռազմավարության մասին»: Իսկ ի՞նչ խնդիրներ կան «Մեկ Հայաստան» կուսակցության մասով, որի լիդերը հայտարարել էր, թե հուշագիր ոչ մի դեպքում չի ստորագրելու:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արթուր Ղազինյանը դժգոհել է, թե իրեն անտեսում են եւ չեն տեղեկացնում պայմանավորվածությունների մասին, նա շատ բան իմանում է լրատվամիջոցներից: Հավելենք, որ երեկ ողջ օրը խորհրդարանական ընդդիմությունը չկարողացավ համապատասխան թվով ստորագրություններ հավաքել` ՍԴ դիմելու համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250