Բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ՝ հորդորելով ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։
Բժշկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ծննդկանը ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։
«Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տեղափոխման ընթացքում արձանագրվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 40 -ամյա ծննդկան էր մահացել։ Ըստ լրատվամիջոցներին փոխանցված նախարարության պարզաբանման՝ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ: Շտապ կեսարյան հատում է եղել, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։