Նախակրթարանների ընդունելության տարիքային շեմը կնվազեցվի. նախագիծ
ԿԳՄՍՆ-ն մշակել է նախագիծ, որով առաջարկվում է, որ նախակրթարաններն ունենան հնարավորություն՝ ընդունելու երեխաներին 4-6 տարեկան տարիքային խմբում: Սա նշանակում է՝ այժմ գործող 5 տարեկանի փոխարեն հնարավորություն կունենան նախակրթարաններ հաճախել նաև 4 տարեկան երեխաները: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով համապատասխան նախագիծը:
Ըստ նախարարի՝ սա կարևոր որոշում է հատկապես քաղաքային բնակավայրերի համար, որտեղ կան նախակրթարաններ հաճախելու հերթեր, և երեխաները վաղ փուլում չեն կարողանում ներգրավվել նախադպրոցական կրթութան պրոցեսում:
«Կարևորում եմ, որ մենք այն բոլոր բնակավայրերում, որտեղ նախակրթարանը միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է ունենալ նախադպրոցական կրթություն, ինչը նշանակում է, որ մանկապարտեզներ տվյալ բնակավայերում չկան, այս պարագայում մենք նախատեսում ենք, որ կկարողանան նախակրթարան հաճախել 3-6 տարեկան երեխաները:
Սա էլ հնարավորություն է տալիս ավելի ճկուն և այլընտրանքային միջոցներով ապահովել այն բնակավայերը, որտեղ փոքր թվով նախադպրոցական տարիքի երեխաներ կան, և նրանց դուրս չթողնել կրթությունից»,- ասաց նա:
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հավաստագրման կարգին: Նախատեսվում է սահմանել միասնական ստանդարտ, որը կընդլայնի հավաստագիր ունեցողների դաշտը: