Քաղաքականություն

Կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Հայաստանից ԱՄԷ արտահանման նոր պայմաններ․ նախագիծ

Ofelya 1 րոպե 147 դիտում
Կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Հայաստանից ԱՄԷ արտահանման նոր պայմաններ․ նախագիծ

Ազգային ժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը ստորագրվել է 2025-ի հունիսին։


Համաձայնագրի նպատակը կողմերի միջև ապրանքների առևտրի ազատականացումն ու պարզեցումն է, ինչպես նաև առևտրի ընդլայնման և բազմազանության խթանումը, ինչը կնպաստի էմիրաթական շուկայում ապրանքների մրցունակության բարձրացմանն ու արտահանման ծավալների ավելացմանը։


«Հայաստանից ԱՄԷ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի այսօրվա մեր ընթացիկ արտահանման 95 տոկոսը»,- ասել է նա։


Պապոյանի խոսքով՝ բանակցությունների ընթացքում ներկայացվել են ընթացիկ արտահանվող բոլոր ապրանքները, որոնցից 95 տոկոսը հաստատվել է, իսկ 5 տոկոսը ցանկում հնարավոր չի եղել ներառել ԱՄԷ-ի օրենսդրության պատճառով։ Այդ ապրանքների թվում են ծխախոտի փոխարինիչները, ալկոհոլը և այլն։ Նախարարի խոսքով՝ ԱՄԷ-ն որևէ երկրի համար այս ապրանքների մասով արտոնություն չի սահմանում։


2023-ի դրությամբ ՀՀ-ից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500 հազար ամերիկյան դոլարի չափով։


«Սա մեզ կտա մրցակցային նոր առավելություն, և արտահանման ծավալները կմեծանան, հետևաբար սուբսիդավորումն անուղղակիորեն է՛լ ավելի կմեծանա»,- հավելել է նա՝ նշելով, որ այսօր, երբ ՀՀ-ն ԱՄԷ ապրանքներ է արտահանում, մաքսատուրքի միջին տոկոսը 6 տոկոս է, իսկ արդյունքում այն կհասնի 2,6 տոկոսի։


«Գյուղատնտեսական ապրանքների մասով հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք ՀՀ արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ են. դրանք են թարմ մրգերը, ելակը, հանքային ջրերը, կենդանի բույսերը և այլն: Նշված ապրանքների համար Հայաստանից Էմիրություններ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալն այս պահին 1,5 մլն դոլար է: Մեր ներուժը 10 մլն դոլար է»,- պարզաբանել է նախարարը՝ նշելով, որ արդյունքում բացվում է արտահանման շատ մեծ պոտենցիալ։


Արդյունաբերական ապրանքների մասով արտահանվում են ալյումինե փայլաթիթեղը, ալյումինե համաձուլվածքները, բժշկական սարքերը, ռադիոէլեկտրոնային և ռադիոհեռարձակման սարքավորումները։ Նախարարի խոսքով՝ այս ապրանքների արտահանման ծավալը մոտավորապես 10 մլն դոլար է, սակայն այս ուղղությամբ ներուժը 25-30 մլն դոլար է, և հնարավոր է արտահանման ծավալը եռապատկել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250