Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա Երևանի թիվ 94 մանկապարտեզում

Mariam Z.

Այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է ընթանում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում։ Ծնողները պահանջում են, որ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը հեռանա։ Նրանք պնդում են, որ մոտ մեկ տարի առաջ նշանակված տնօրենի վարքագծի հետևանքով դաստիարակները հերթով լքում են աշխատանքը, իսկ ծնողների համբերության սահմանը հատվել է այն պահին, երբ միանգամից 10 դաստիարակ ներկայացրել են աշխատանքից ազատման դիմում։


Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներառական կրթության կարիք ունեցող երեխաների հետ համապատասխան մասնագետներ չեն աշխատում, քանի որ աշխատանքի չեն ներկայանում։ Նրա խոսքով՝ թղթերով նման մասնագետներ գրանցված են, սակայն իրականում չեն գործում։


«Երբեք աշխատանքի չեն եղել, եղել են ֆիկտիվ գրանցված աշխատողներ, աշխատավարձը ստացել են տանը նստած, այստեղ աշխատում է ծանոթ-բարեկամ տարբերակը»,- ասել է ծնողը։


190 ծնող ստորագրել է դիմում՝ ուղղված տարբեր կառույցների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ-ին։ Նրանք նշում են, որ կամ խնդիրը կլուծվի, կամ իրենք երեխաներին կհեռացնեն մանկապարտեզից։


Այս պահին մանկապարտեզում գտնվում են Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ, սակայն տնօրեն Փառանձեմ Միրիբյանը փակել է իր աշխատասենյակի դուռը և ներս չի թողնում որևէ մեկին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250