ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իռլանդիայում տղամարդը կացնով վնասել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը
Իռլանդիայի Շենոն օդանավակայանում անհայտ տղամարդը ներխուժել է պահպանվող տարածք և կացնով վնասել ԱՄՆ ռազմաօդային ուժերի «C-130 Hercules» ինքնաթիռը։
Ապրիլի 11-ի առավոտյան իրավախախտը բարձրացել է հեռավոր կայանատեղիում գտնվող օդանավի թևի վրա և հարվածներ հասցնել ֆյուզելաժին ու թևին: Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն վնասազերծելու համար օգտագործել են ավիացիոն շարժական սանդուղքներ, որից հետո նրան ձերբակալել և տեղափոխել են բաժանմունք: Ռազմական օդանավն էական տեխնիկական վնասներ է կրել: Իրավապահները պարզում են, թե ինչպես է քաղաքացուն հաջողվել շրջանցել անվտանգության համակարգը:
Միջադեպի պատճառով Շենոնի օդանավակայանի աշխատանքը կես ժամով դադարեցվել է։ Երկու չվերթ հետաձգվել է, իսկ մեկ ինքնաթիռ սպասել է օդում մինչև թռիչքուղու վերաբացումը: Այժմ օդանավակայանը գործում է բնականոն: Սա Շենոնում անվտանգության կանոնների խախտման առաջին դեպքը չէ. նախկինում ևս գրանցվել էին տարածք ներխուժման և տեխնիկայի վնասման փորձեր, ինչը հարցեր է առաջացրել օբյեկտի պաշտպանվածության վերաբերյալ: