ԱՄՆ-ն չի համաձայնել ապասառեցնել Իրանի որևէ ակտիվ. CBS
ԱՄՆ-ը չի համաձայնել ապասառեցնել Իրանի որևէ ակտիվ, հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան CBS News-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ նման պայմանավորվածություն Վաշինգտոնի կողմից չի հաստատվել։
Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդիպում է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, սակայն բանակցությունները դեռ չեն մեկնարկել, և որևէ կոնկրետ համաձայնություն չի քննարկվել։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ իրանական բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է՝ ԱՄՆ-ը համաձայնել է ապասառեցնել Իրանի ակտիվները, որոնք պահվում են Քաթարում և այլ արտասահմանյան բանկերում։ Այդ քայլը ներկայացվել էր որպես Վաշինգտոնի «լրջության» նշան՝ Իսլամաբադում սպասվող բանակցությունների համատեքստում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ակտիվների ապասառեցումը կապվում է Հոմուզի նեղուցով անվտանգ անցման ապահովման հարցի հետ, որը նախատեսվում է դարձնել բանակցությունների առանցքային թեմաներից մեկը։ Մեկ այլ իրանական աղբյուր նշել էր, որ խոսքը կարող է վերաբերել Քաթարում սառեցված շուրջ 6 միլիարդ դոլարի միջոցներին, սակայն ԱՄՆ կողմից այդ տեղեկությունը չի հաստատվել։