ԱՄՆ-Իրան բանակցությունները տևել են շուրջ 2 ժամ
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև անցկացվող բանակցությունները տևել են շուրջ երկու ժամ, որից հետո կողմերը որոշել են ընդմիջում վերցնել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պակիստանցի աղբյուրի վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, սակայն որոշակի փուլում կողմերը դադարեցրել են աշխատանքը՝ հանգստի համար։ Բանակցությունների ընթացքի և բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Միևնույն ժամանակ, Tasnim գործակալության տվյալներով, չի բացառվում, որ քննարկումները շարունակվեն նաև հաջորդ օրը։ Ըստ այդ տեղեկության՝ հնարավոր է լրացուցիչ ժամանակ հատկացվի տեխնիկական բնույթի հարցերի հստակեցման համար։
Սակայն նշվում է, որ բանակցությունների երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և կողմերը շարունակում են քննարկել հետագա քայլերը։