ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԲ-ի ներառումը տնտեսության մեջ ռիսկեր է առաջացնում. Նիկոլ Փաշինյան
«Ընդհանրապես աշխատանքի շուկայում տեղի ունեցող և սպասվող պրոցեսները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև արհեստական բանականության ավելի ու ավելի մեծ ներառումը տնտեսության մեջ, ռիսկեր է առաջացնում այդ թվում աշխատատեղերի մասով»,- Հայաստանի խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իհարկե, ես համոզված եմ, որ ընկերությունների մի մասն արդեն կիրառում են այդ գործիքը, մյուսներն անխուսափելիորեն կիրառելու են այդ գործիքը, և դա որոշակի ռիսկեր է բերում աշխատատեղերի տրանսֆորմացիայի և դերաբաշխման առումով։
Ընդհանրապես կանխատեսում կա, որ որոշ մասնագիտություններ գնալով կամ վերանալու են կամ ավելի քիչ դերակատարում են ունենալու՝ սկսած արդյունաբերությունից, շարունակած առողջապահությունով և նույնիսկ կրթությունով։
Եվ այստեղ շատ մեծ վերլուծական և գործնական աշխատանք է պետք, որպեսզի մենք երկարաժամկետ հեռանկարում խնդիրների առաջ չկանգնենք։ Պետք է արձանագրել, որ արհեստական բանականությունը դեռ ծանոթ երևույթ չի, և, չնայած անընդհատ վերլուծություններին, շատ ճշգրիտ ալգորիթմներ չկան, որոնք ցույց կտան, թե ինչ տեղի կունենա դրա արդյունքում»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ պետք է հասկանալ` ինչ ուղղություններով պետք է համագործակցեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան։