Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպես դա արել է նախկինում այլ տարածաշրջանային հակամարտությունների ժամանակ։ Ելույթ ունենալով իր կուսակցության ժողովում՝ Թուրքիայի առաջնորդը շեշտել է, որ Իսրայելին զսպելու համար անհրաժեշտ է լինել ուժեղ և պատրաստ ցանկացած գործողության։
Իր խոսքում Էրդողանը մասնավորապես զուգահեռներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Լիբիայի հետ՝ ակնարկելով, որ Թուրքիան կարող է նմանատիպ ռազմական կամ քաղաքական միջամտություն ցուցաբերել նաև այս դեպքում։ Նա Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում և Լիբանանում իրականացվող գործողությունների համար՝ դրանք որակելով որպես մարդկության դեմ ուղղված քայլեր։
Իսրայելական կողմն անմիջապես արձագանքել է Անկարայից հնչող սպառնալիքներին։ Իսրայելի ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն Թուրքիայի նախագահին անվանել է «դիկտատոր» և կոչ արել դիտարկել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։ Այս հայտարարությունները հերթական լարվածությունն են առաջացրել երկու երկրների արդեն իսկ բարդ հարաբերություններում։