Մանրամասներ՝ Աբովյանում սպանված երիտասարդի դատական նիստից․ վեճ, ծեծկռտուք
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Ծովինար Խաչատրյանն ասել է՝ կարգադրիչը գլխի շրջանում է վնասվածքը ստացել։
«Այս պահին կարգադրիչ Վահան Հ․-ն գտնվում է տանը, նրա հետ անմիջական կապի մեջ ենք, լավ է զգում, փոփոխության դեպքում հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք։ Սա առաջին դատական նիստն էր և մեր կարգադրիչներն ուժեղացված ծառայություն էին իրականացնում դատական նիստի ամանակ»,- ասել է Խաչատրյանը։
Ավելի վաղ ՆԳՆ-ից Auroranews-ին հայտնեցին. «Ոստիկանության ծառայողները կանխել են միջադեպը, 31 անձ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին»:
Հավելենք՝ ըստ ArmLur-ի «Չարենցավանի դատարանում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել։ ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում տուժող և մեղադրյալ կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել»: