Սա մեծ սխալ էր․ այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ․ Իրանի գերագույն առաջնորդի դեսպան
Իրանի գերագույն առաջնորդի հատուկ ներկայացուցիչը Հնդկաստանում Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ լուրջ հետևանքներ են առաջացրել միջազգային մակարդակում։ Նրա խոսքը մեջբերում է ANI գործակալությունը։
«Սա մեծ սխալ էր հենց սկզբից։ Այս պատերազմը միայն Իրանի դեմ չէ, այլ ամբողջ մարդկության։ Շատ երկրների մարդիկ հիմա տառապում են», - հայտարարել է Իրանի դեսպանը։
Նրա խոսքով՝ հակամարտությունը հանգեցրել է գազի, նավթի և բեռնափոխադրումների գների բարձրացմանը։
Իրանի ներկայացուցիչը կոչ է արել աշխարհի երկրների ղեկավարներին միջամտել իրավիճակին և փորձել համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրա խոսքով՝ միջազգային համատեղ ջանքերը կարող են նպաստել հակամարտության հանգուցալուծմանը, իսկ Հնդկաստանը կարող է կարևոր դեր ունենալ այդ գործընթացում։
Իլահին նաև անդրադարձել է փետրվարի 28-ից սկսված ռազմական գործողություններին՝ նշելով, որ հարվածներ են հասցվել Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ըստ նրա, հայտարարել է պատասխան գործողությունների մասին, որոնք ուղղված են եղել Իսրայելի և տարածաշրջանում գտնվող մի շարք ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։