Իրանը հայտարարում է՝ հրթիռների պակաս չի լինի․ պատգամավոր
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալադդին Բորուջերդին հայտարարել է, որ նույնիսկ երկարատև պատերազմի դեպքում Իրանը չի բախվի հրթիռների կամ ռազմավարական այլ ռեսուրսների պակասի։
Նրա խոսքով՝ երկրի պաշտպանական համակարգը և ռազմական ներուժը բավարար են՝ դիմակայելու հնարավոր երկարաժամկետ հակամարտություններին։ Բորուջերդին ընդգծել է, որ Իրանի զինված ուժերն ունեն անհրաժեշտ կարողություններ՝ ապահովելու ռազմավարական կայունություն անգամ ամիսներ կամ տարիներ տևող պատերազմի պայմաններում։
Պատգամավորը նաև նշել է, որ հակառակորդ կողմերը, որոնք արդեն բախվել են Իրանի պաշտպանական հնարավորություններին, չեն հասել իրենց նպատակներին՝ չնայած ժամանակակից սպառազինության կիրառմանը։
Նրա հայտարարությունը հնչել է տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին՝ անդրադառնալով Իրանի ռազմական ներուժի և պաշտպանական պատրաստվածության հարցերին։