Արհեստական բանականությամբ կգնահատեն ճանապարհների վիճակը
Հայաստանի կառավարությունը ճանապարհների շերտագրման սարք ձեռք կբերի, որը արհեստական բանականության միջոցով կօգնի որոշել, թե ճանապարհներին ինչ տեսակի նորոգում պետք է իրականացվի։
Այս մասին Կառավարության ապրիլի 9-ի հերթական նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նրա խոսքով՝ ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցն արդեն քննարկվել է: Սարքավորման արժեքը կազմում է մոտավորապես 500-600 միլիոն դրամ։
«Այն մեզ թույլ կտա ամբողջությամբ շերտագրել և արհեստական բանականության հետ համադրելով՝ որոշել, թե ինչ տեսակի նորոգում պետք է կատարվի ճանապարհին։ Սարքավորումը կանցնի ճանապարհի վրայով և մեզ խորհուրդ կտա, թե մենք այդտեղ միջին նորոգում, թե հիմնանորոգում պետք է անենք, ինչ խորությամբ պետք է անենք և այլն»,- մանրամասնել է Խուդաթյանը։