Ես Էփշտեյնի զոհը չեմ. Մելանյա Թրամփ
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հրապարակային հայտարարությամբ հերքել է Ջեֆրի Էփշտեյնի հետ իրեն կապող պնդումները՝ դրանք որակելով սուտ և պահանջելով դադարեցնել նման տեղեկությունների տարածումը։ Նրա խոսքով՝ ինքը երբեք չի եղել Էփշտեյնի ընկերը և որևէ կերպ առնչություն չի ունեցել նրա գործերին։
Թրամփը նշել է, որ ինքն ու Դոնալդ Թրամփը երբեմն հրավիրվել են նույն միջոցառումներին, որոնց մասնակցել է նաև Էփշտեյնը, սակայն, իր պնդմամբ, դա չի նշանակում անձնական կապ կամ հարաբերություն։ Նա նաև ասել է, որ երբեք հարաբերություններ չի ունեցել ոչ Էփշտեյնի, ոչ էլ նրա գործընկեր Գիլեյն Մաքսվելի հետ, իսկ Էփշտեյնը իրեն չի ծանոթացրել ապագա ամուսնու հետ։ Մելանիա Թրամփի խոսքով՝ Դոնալդ Թրամփին հանդիպել է պատահաբար։
Առաջին տիկինը նաև հայտարարել է, որ ինքը չի եղել Էփշտեյնի զոհ, վկա կամ նրա գործերով հիշատակված անձ։ Նրա խոսքով՝ իր անունը երբեք չի հայտնվել դատարան ներկայացված փաստաթղթերում, երդվյալ ցուցմունքներում, զոհերի հայտարարություններում կամ ՀԴԲ հարցաքննությունների արձանագրություններում, որոնք առնչվում են այդ գործին։ Նա հավելել է, որ երբեք տեղեկացված չի եղել Էփշտեյնի կողմից կանանց նկատմամբ կիրառված բռնության մասին։
Մելանիա Թրամփը նաև ասել է, որ երբեք չի թռել Էփշտեյնի ինքնաթիռով և չի այցելել նրա մասնավոր կղզի։ Միաժամանակ նա կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին կազմակերպել հրապարակային լսումներ՝ Էփշտեյնի գործով տուժած կանանց համար, որպեսզի նրանք ցանկության դեպքում կարողանան բաց կերպով ներկայացնել իրենց պատմությունները և տալ երդվյալ ցուցմունքներ, որոնք կներառվեն Կոնգրեսի պաշտոնական արձանագրություններում։