Ռեզա Փեհլևին քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետին
Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փեհլևին X սոցիալական հարթակում կոշտ քննադատության է ենթարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Նա հայտարարել է, որ Լոնդոնը երկար ժամանակ զիջումներ է արել իրանական իշխանություններին և չի աջակցել Իրանի ժողովրդի ազատության պահանջին։
Փեհլևին նշել է, որ բրիտանական կառավարության ղեկավարի խոսքերը՝ Իրանի խաղաղ բնակիչներին պաշտպանելու մասին, չեն ուղեկցվել գործնական քայլերով։ Նա նաև պնդել է, որ Իրանի իշխանությունները հունվարին կազմակերպել են «40 հազար անմեղ իրանցիների կոտորած», և ընդգծել, որ պաշտոնական Լոնդոնը, իր խոսքով, ոչինչ չի արել դա կանգնեցնելու համար։
Նրա գնահատմամբ՝ երկարատև խաղաղությունն ու տարածաշրջանային կայունությունը հնարավոր կլինի ապահովել միայն գործող իրանական համակարգի ավարտից հետո։ Փեհլևին հայտարարել է, որ այդ իշխանությունները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև հենց Մեծ Բրիտանիայի համար, և Սթարմերին կոչ է արել առաջնորդվել Ուինսթոն Չերչիլի, այլ ոչ թե Նևիլ Չեմբերլենի քաղաքական օրինակով։
Գրառման վերջում նա նշել է, որ Իրանի ժողովուրդը հիշելու է, թե ով է կանգնել իր կողքին ծանր պահին, իսկ ով՝ հակառակ դիրքավորվել։ Փեհլևին նաև կոչ է արել բրիտանական իշխանություններին պատասխանատվության ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, արտաքսել, իր ձևակերպմամբ, «ոչ լեգիտիմ ռեժիմի» դեսպանին և գործնական աջակցություն ցուցաբերել Իրանի ժողովրդին։