Քաղաքականություն

TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկը. պետդեպարտամենտ

Mariam Z.
TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ-ի առաջնահերթություններից մեկը. պետդեպարտամենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։


«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է՝ նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը և Նախիջևանը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաև ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։ 


«TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։


Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ` TRIPP նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 


«TRIPP-ի և հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։


Այս միջոցները կաջակցեն Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին և կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև նշել է, որ 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգները և Հայաստանը համատեղ հայտարարել են TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակման մասին։ 


«Այս փաստաթուղթը ներկայացնում է TRIPP-ի գործարկման հստակ ուղին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված սկզբունքների արտացոլմամբ՝ այն նաև ընդգծում է ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար։


Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, TRIPP-ը կանցնի «աշխարհում տնտեսական տեսանկյունից ամենակարևոր վայրերից որոշների միջով» և «կխթանի առևտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում՝ օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին»։


TRIPP-ի վերջնական նպատակներն են ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարեկեցությունն ու անվտանգությունը, ընդլայնել ԱՄՆ առևտրային հնարավորությունները՝ զարգացնելով տարածաշրջանային առևտուրն ու կապերը, ինչպես նաև ստեղծել նոր տարանցիկ կապեր Կենտրոնական Ասիայից և Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա»,- եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250