Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված խուլիգանության դեպքը և ձերբակալել երեք տղամարդու։
Ապրիլի 8-ի ցերեկը 112 ծառայություն ստացված ահազանգով քաղաքացին հայտնել է, որ Էրեբունի փողոցում երեք հոգի 74 համարի ավտոբուսի վարորդին դուրս են հանել մեքենայից, ծեծել, պատճառել ճակատի վնասվածք, իսկ ուղևորներին իջեցնելուց հետո հեռացել են։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։35-ին, Տիգրան Մեծի պողոտայում թիվ 74 երթուղու ավտոբուսի սրահում երկու երիտասարդ վիճաբանել են։ Վարորդի դիտողությունից հետո նրանք շարունակել են վիճել, ինչից հետո նրանցից մեկը վիրավորել է վարորդին, իսկ վերջինս նրան իջեցրել է ավտոբուսից։
Այնուհետև Էրեբունի փողոցի կանգառներից մեկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, ներս մտել և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը ավտոբուսի բանալին նետել է վարորդի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դրանից հետո վարորդին դուրս են կանչել ավտոբուսից, հայհոյել ու հարվածներ հասցրել ձեռքերով և ոտքերով։
Օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ նախ պարզվել է խուլիգանության մասնակիցներից մեկի՝ Սմբատ Զորավարի փողոցի 32-ամյա բնակչի ինքնությունը։ Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագայում նույնականացվել են նաև մյուս երկու անձինք՝ Թևոսյան փողոցի 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի 33-ամյա բնակիչները։ Իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեք տղամարդիկ ներկայացել են ոստիկանություն և ձերբակալվել։ Նախաքննությունը շարունակվում է հանգամանքները պարզելու համար։