Քաղաքականություն

Նախատեսվում է` նվազեցնել թվային վարորդական իրավունք ձեռք բերելու տուրքերը

Edita 573 դիտում
Նախատեսվում է` նվազեցնել թվային վարորդական իրավունք ձեռք բերելու տուրքերը

Ազգային ժողովը քննարկել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է օրինական կարգավիճակ տալ թվային վարորդական վկայականներին եւ հաշվառման վկայագրերին, ինչպես նաև նվազեցնել դրանց տրամադրման տուրքերը։ Փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։


Այն քաղաքացիները, ովքեր սեպտեմբերի 1-ից հետո առաջին անգամ կդիմեն վարորդական կամ հաշվառման վկայական ստանալու համար և կընտրեն միայն թվային տարբերակը՝ հրաժարվելով պլաստիկ քարտից, կվճարեն կրկնակի ցածր տուրք։


«Մեր ստանդարտ տուրքերն այսօր կազմում են 12 հազար դրամ՝ վարորդական վկայականի, և 6000 դրամ՝ հաշվառման վկայագրի համար։ Թվային տարբերակի դեպքում դրանք կնվազեն՝ համապատասխանաբար դառնալով 6000 և 3000 դրամ»,– պարզաբանել է փոխնախարարը։


Նա նշել է նաև, որ նախագծով սահմանվում է լիազորող նորմ, որը կթույլատրի համարանիշների և հաշվառման վկայագրերի առաքումն իրականացնել փոստային ճանապարհով։ Դա հատկապես նպատակահարմար կլինի առցանց առուվաճառքի, գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման դեպքերում։ «Եթե մեքենայի առուվաճառքը կատարվի օնլայն տիրույթում, և պետհամարանիշները չփոխվեն, ապա դրանք և հաշվառման վկայագիրը հնարավոր կլինի ստանալ փոստով՝ առանց գրասենյակ այցելելու անհրաժեշտության»,– ընդգծել է Արմեն Ղազարյանը։Բացի թվայնացման ու մատչելիության բարելավումից, փաթեթով նախատեսվում է նաև հստակ կարգավորում՝ վարչական պատասխանատվության հարցում։


Եթե պարեկային ծառայողը կարողանում է նույնականացնել վարորդին և պարզվում է, որ վերջինս վարելու իրավունք ունի, ապա վարչական տուգանք չի կիրառվի՝ վկայականը իր մոտ չունենալու հիմքով։ Փաթեթում ընդգրկվել է նաև արտահերթ քննությունների հնարավորությունը վճարովի հիմունքներով։ Քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց նախընտրած օրն ու ժամն՝ տեսական կամ գործնական քննություն հանձնելու համար՝ վճարելով 30․000–45․000 դրամ տուրք՝ ըստ ժամկետի։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250