Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուժեղ Հայաստան»-ի օգտին ընտրակաշառքի դեպք է բացահայտվել

Alya B. 1 րոպե 765 դիտում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։

«Հիշյալ անձինք իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025–2026 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում՝ հանձնարարելով հավաքագրել անձանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ՝ դրանով փորձելով քողարկել ընտրակաշառքի տրամադրման փաստը և նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։

Հատկանշական է, որ հասարակական կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի՝ մեծ ընտանիք և ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաև ընտրող հանդիսանալու հանգամանքները։

Բացի այդ, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ՀՀ նախագահի՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝  բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող՝ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների բարեգործության անվան տակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով 2026 թվականի փետրվար–մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք»,- հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250