Հարավային Կովկասը դառնում է խաղաղության կենտրոն. Ալիև
Հարավային Կովկասում ներկայում ձևավորվում է նոր իրավիճակ, և տարածաշրջանի երկրները, Իլհամ Ալիևի խոսքով, չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը։ Ադրբեջանի նախագահն այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի համար արված հայտարարության ընթացքում։
Ալիևը նշել է, որ աշխարհի տարբեր հատվածներում այսօր շարունակվում են խաղաղության, անվտանգության և կայունության խախտումները, որոնք հանգեցնում են արյունալի բախումների, պատերազմների, մարդկային տառապանքների և կորուստների։ Նրա խոսքով՝ նման իրադրություն նախկինում եղել է նաև Հարավային Կովկասում։
Ալիևի գնահատմամբ՝ այժմ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է, և Հարավային Կովկասն աստիճանաբար դառնում է խաղաղության, անդորրի, անվտանգության և համագործակցության կենտրոն։ Նա ընդգծել է, որ ստեղծված պայմանները նոր հնարավորություն են բացում տարածաշրջանային երկրների համար։
Հայտարարությունը հնչել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ շփումների ֆոնին։ Ալիևի խոսքերը տարածել է Ազերթաջ պետական գործակալությունը։