ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ գործնական քայլեր են արվում․ Էստոնիայի ԱԳ նախարար
Էստոնիան գործնական քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների համար Եվրոպական միություն մուտքի վիզաների ազատականացման ուղղությամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։
«Մենք գործնական քայլ ենք անում, դա վիզաների ազատականացումն է հայերի համար, և մենք իսկապես մեծ ջանքեր ենք ներդնում հասնելու այդ քայլին»,- ասել է նա։
Էստոնիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ երկու երկրները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը միտված է ընդլայնելու արտգործնախարարությունների միջև համագործակցությունը։
Նրա խոսքով՝ արդեն իսկ ձևավորված է արդյունավետ համագործակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման և կիբերանվտանգության ոլորտներում, և Էստոնիան պատրաստ է կիսվել իր փորձով։
«Մենք շատ թվայնացված երկիր ենք, մեր պետական ծառայությունները 100 տոկոսով մատուցվում են առցանց, և պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,- նշել է Ցահքնան։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Էստոնիան հետաքրքրված է նաև Հայաստանի փորձով, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում։
Ցահքնան հավելել է, որ Էստոնիան իրեն դիտարկում է որպես Հայաստանի գործընկեր Եվրամիությունում և պատրաստ է աջակցել Հայաստանի եվրոպական ուղղությամբ նախաձեռնություններին։
«Մենք ձեր լավագույն ընկերներից ենք Եվրամիությունում»,-ասել է նա։