Թրամփն ակնարկել է իր հաջորդ քայլի մասին
Թրամփը դիտարկում է Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառելու հնարավորությունը:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է Թեհրանի նավթային արտահանումը սահմանափակելու միջոցով ճնշումն ուժեղացնելու տարբերակին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է հոդված, որտեղ քննարկվում է Իրանի դեմ հնարավոր ծովային շրջափակումը։ Ըստ JustTheNews պարբերականի՝ Վաշինգտոնը կարող է միջոցներ ձեռնարկել իրանական նավթի արտահանումն ամբողջությամբ դադարեցնելու ուղղությամբ։ Այս քայլը դիտարկվում է որպես տնտեսական ճնշման գործիք, որը թույլ կտա զգալիորեն կրճատել Թեհրանի եկամուտները՝ խուսափելով անմիջական ռազմական բախումից։
Քննարկումների նոր փուլը հաջորդել է Իսլամաբադում կայացած ամերիկա-իրանական բանակցություններին, որոնք էական արդյունք չեն տվել։ Կողմերը քննարկել են միջուկային ծրագրին, պատժամիջոցներին, Հորմուզի նեղուցի անվտանգությանը և հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Թեև իրանական Press TV հեռուստաալիքը բանակցություններից հետո հայտարարել էր, որ Թեհրանը ներկայացրել է «ողջամիտ առաջարկներ», սակայն Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է կոշտ։ Հաղորդվում է, որ հնարավոր համաձայնության հիմքում կարող է դրվել Իրանի կողմից նախկինում առաջարկված 10 կետից բաղկացած ծրագիրը։ Այս պահին հաջորդ հանդիպման վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ հստակ պայմանավորվածություն չկա։