Արման Ծառուկյանը մտադիր է ուժերը փորձել այլ մարզաձևում
UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը հայտնել է իր կարիերայի հեռահար նպատակների մասին՝ դիտարկելով անցումը բռնցքամարտին։
Արման Ծառուկյանը, ով UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում երկրորդն է, խոսել է իր հետագա ծրագրերից։ Մարզիկը նշել է, որ աշխարհի առաջատար պրոմոուշենում բոլոր հնարավոր ռեկորդները սահմանելուց հետո մտադիր է ներկայանալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում և այնտեղ փորձել իր ուժերը։
«Full Send Podcast» հաղորդաշարի եթերում հայ մարտիկը մանրամասնել է իր նպատակները. «Մոտ 5-6 տարուց, երբ կավարտեմ ելույթներս UFC-ում և կսահմանեմ բոլոր ռեկորդները, ցանկանում եմ անցկացնել բռնցքամարտի 3-4 հանդիպում՝ ճիշտ այնպես, ինչպես հիմա անում է Ջեյք Փոլը: Ոմանք UFC-ում անհանգստանում են, որ կարող եմ վերցնել տիտղոսն ու միանգամից հեռանալ, բայց ո՞ւր պետք է գնամ: Դանա Ուայթի հետ մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք։ Ես ցանկանում եմ դառնալ չեմպիոն և մնալ այնտեղ, որտեղ ինձ օգնել են աճել ու աստղ դառնալ»։
Խոսելով ռեկորդների մասին՝ 29-ամյա մարզիկն ընդգծել է, որ նախատեսում է գերազանցել տիտղոսի պաշտպանության ցուցանիշը. «Ուզում եմ տիտղոսը պաշտպանել առավելագույն քանակով։ Օրինակ՝ Իսլամ Մախաչևը այն պաշտպանել է 4 անգամ, իսկ ես կանեմ դա 5 կամ 6 անգամ։ Իհարկե, ես նույնպես արդեն երիտասարդ չեմ, սպորտում ինձ մնացել է մոտ 6-7 տարի։ Նպատակս մեծ գումարներ վաստակելն է, աշխարհի լավագույն մարտիկը դառնալն ու նոր միայն հեռանալը»:
Անդրադառնալով Մախաչևին, ով 2025 թվականի վերջին տեղափոխվեց կիսամիջին քաշային կարգ և նվաճեց այդ դիվիզիոնի չեմպիոնական գոտին, Ծառուկյանը նշել է, որ նրա հետ ռևանշն այլևս հավանական չի համարում. «Մենամարտն արդեն անիրատեսական է, քանի որ նա, հավանաբար, 1-2 մենամարտից հետո թոշակի կգնա: Իսկ ես ընդամենը մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ կգրավեմ այս մարզաձևն ու կդառնամ UFC-ի դեմքը: Ինձ միայն տիտղոսն է պետք»։
Բացի այդ, Ծառուկյանը հայտնել է Չարլզ Օլիվեյրայի հետ կրկին հանդիպելու ցանկության մասին. «Նա դասակարգման երրորդ համարն է և ունի BMF գոտին: Կարծում եմ՝ այդ տիտղոսն ինձ շատ ավելի է համապասխանում, քան Օլիվեյրային»,- եզրափակել է Ծառուկյանը։