Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Իրանը չի ընդունել ԱՄՆ-ի կողմից առաջարկված ժամանակավոր հրադադարի տարբերակը և փոխարենը հանդես է եկել լիարժեք զինադադարի կոչով։ Այս մասին հաղորդում է Irna գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Թեհրանը իր դիրքորոշումը փոխանցել է միջնորդավորված եղանակով՝ հաղորդագրությունը ուղարկելով Պակիստանի միջոցով։ Իրանական կողմը շեշտել է, որ ժամանակավոր դադարեցումը բավարար չի համարում և առաջնահերթ է դիտարկում հակամարտության ամբողջական ավարտը։
Գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պատասխանը ներառում է նաև մի շարք պայմաններ։ Դրանց թվում նշվում են Հորմուզի նեղուցով անվտանգ անցման մեխանիզմների մշակումը, պատերազմից հետո երկրի վերականգնման հարցերը, ինչպես նաև Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը։
Նշվում է, որ Թեհրանի ներկայացրած պահանջները դիտարկվում են որպես անհրաժեշտ պայմաններ հնարավոր համաձայնության հասնելու համար, սակայն դրանց վերաբերյալ վերջնական արձագանքը դեռ չի հրապարակվել։